ՌՈՒԹ

.

 

 

 Ռութ Բուչինսկու հիշատակին

Տեսավ պատերազմը Տարնոպոլում։
Խավարում ու կիսախավարում։ Ահ ու սարսափով։ Ապրեց։
Վախենում էր առնետներից, ծանր կոշիկներից,
բարձր խոսակցություններից, ճիչերից։
Մահացավ մթում, հիվանդասենյակի ճերմակ անդորրում։
Հրեա էր։ Այդպես էլ չիմացավ՝ ինչ ասել է «հրեա»։
Դա հանրահաշվի պես պարզ ու անըմբռնելի է։ Երբեմն կռահում էր։
Գեստապոն հիանալի գիտեր՝ ինչ է նշանակում լինել հրեա։
Փիլիսոփայական հարուստ ժառանգությունն օգնում էր։
Սահմանումները դանակի պես սուր էին, դիպուկ՝ ինչպես բուդդայական նետ։
Գեղեցիկ էր։ Պիտի այն ժամանակ մահացած լիներ
մյուսների պես, մյուսների պես, անհետանար,
հեռանար առանց եղերերգի՝ ինչպես անհամար ուրիշները,
ինչպես օդը, բայց ապրեց երկար՝ օրվա լույսով, արևի տակ,
շնչելով առօրյա օդը՝ Կրակովի հասարակ թթվածինը։
Հաճախ գլխի չէր ընկնում՝ ինչ է նշանակում լինել գեղեցիկ կին։
Հայելին լռում էր․ փիլիսոփայական ձևակերպումներ չգիտեր։
Անցած օրերի մասին, որ մտքից դուրս չէին գալիս, նախընտրում էր չխոսել։
Մի օր միայն պատմեց, թե ինչպես իր սիրելի կատուն, չուզենալով
մնալ գետտոյում, երկու անգամ գիշերով վերադարձել է արիական կողմը։
Կատուն չգիտեր՝ ովքեր են հրեաները և ինչ է արիական կողմը։
Չգիտեր, դրա համար էլ սլացավ նետի պես։
Ռութը փաստաբան էր և պաշտպանում էր ուրիշներին։
Գուցե այդ պատճառով է, որ երկար ապրեց։
Պատճառով, որ ուրիշները բազում են և պաշտպանության կարիք ունեն։
Մեղադրողները երբեք քչություն չեն անում,
մինչդեռ պաշտպանյալների պակաս միշտ կա։
Լավ մարդ էր։ Մեծ հոգի ուներ։
Մեզ թվում է՝ գիտենք՝ ինչ ասել է «մեծահոգի»։

 

թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.