ԱՅԴ ՕՐԸ

.

 

 

Օրն այդ, երբ հասնում է մահվան գուժը
մոտիկ մարդու, ընկերոջ կամ անծանոթի,
որով հիացել ենք հեռվից հեռու․․․
Առաջին պահին, առաջին ժամերին –
նա այլևս չկա,
թվում է՝ հաստատ, անխուսափելիորեն,
գուցե և ապացուցված, որ չկա, վստահում ենք
(դժկամորեն) նրան, ով զանգում է վշտահար,
կամ ռադիոյի զգայազուրկ ձայնին,
բայցևայնպես, չենք կարողանում հավատալ,
աշխարհում ոչինչ մեզ չի համոզի, որովհետև
նա դեռ ապրում է (մեզ համար),
ավելին, քան ապրում է,
թեև գնացել է՝ չի կորչել անհետ,
ընդհակառակը՝ աչքներիս առաջ,
կյանքի ամենածաղկուն փուլում
դեռ փթթում է, թեև հող է դարձել,
դեռ խոսում է, թեև պապանձվել է,
հաղթանակում է, թեև  պարտվել է,
տանուլ է տվել մենամարտը –
ու՞մ դեմ․ ժամանակի՞, մարմնի՞․․․ Չէ, ճիշտ չէ,
հաղթել է, նվաճել է ողջը, հնարավոր ամբողջը
ու հիմա այնքան լիքն է, լիարժեք, կատարյալ,
որ չի տեղավորվում կյանքում,
կյանքի փխրուն ճենապակին փշրում, կանգնում է ողջերից վեր,
ասես մի ուրիշ նյութից է շինված՝ ամենակարծր բրոնզից,
բայց և նույն պահին տարակուսում ենք, պատում է տագնապը,
գլխի ենք ընկնում, գիտենք,
որ ահա կիջնի լռություն,
ու լացը կխեղդի։

 

թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.