Պատերազմի մասին բոլոր կինոներն այսպես են սկսվում–
երեխաները բակում կռիվ-մռիվ են խաղում,
ու հայրերը՝ պատուհանից կախ,
միալար օրերի պղպջակները բերաններից կախ,
խաղաղության խոնջանքն աչքերից կախ,
թաքուն հերոս դառնալ են սովորում:
Որդիները հայրերին սխալ հեքիաթ են պատմում,
հայրերն առյուծի կաթ են խմում, մի գիշերում փոքրանում
ու գնում ուրիշ հայրերի հետ կռիվ-մռիվ խաղալու:
Պատերազմի մասին կինոների վերջում
պատուհանից կախ երեխաները
հայրերին տուն են կանչում: