ՇԱԲԱԹ ԳԻՇԵՐ, ԼՈՒՅՍ ԿԻՐԱԿԻ

Հարգելի Քրիստոս,

հետաձգիր գալուստդ մեկ օրով,

որովհետև վաղը կիրակի է, ու պիտի քնեմ:

Սիրելի Աստված,

կանգնեցրու հրաբուխները,

երկրաշարժերը,

ջրհեղեղները,

մյուս աղմկոտ խաղերդ

ու աշխարհի վերջի պլաններդ

հետ գցիր մի օրով:

Պարոն քաղաքապետ,

արգելիր երթևեկությունն այս կողմերում

ու հայտարարիր լռության րոպե

իմ հիշատակին:

 

Թող Համասը չնետի ռումբեր,

ու Ալիևը չկրակի Արցախի վրա գոնե վաղը,

հարգելի Ալ-Քաիդա,

վերջացրու հակամարտությունն

արաբա-իսրայելական,

եվ տիկին-պարոններ,

զինադադար կնքեք այս գիշեր,

որովհետև վաղը կիրակի է, ու ես պիտի քնեմ:

Խնդրում եմ փակել Տոկիոյի բորսան,

մեծ քար խցկել Բաքու-Ջեյհան նավթամուղում,

կողպել BMW-ի գործարանը դրսից:

Հարգելի TV-ներ,

հայտարարեք պրոֆիլակտիկա,

ու թող Բոլիվուդը միայն երազներ նկարի

այս գիշեր:

Բարեկամ հեղափոխականներ,

հակահեղափոխականներ,

աջեր, ձախեր ու մեջտեղներ,

լքեք հրապարակն ու լռեք լռությամբ

գա-ղա-փա-րա-կան:

Եղբայր հավատացյալներ,

սիրեք ձեր մերձավորին գոնե այսօր,

երբ Հիպնոսի հետ եկել ու խնդրում եմ լռել:

 

Ու մի օրով

ջնջեք անունս մարդկանց ցուցակից,

անտուն շների ցուցակից,

Նոյի ցուցակից,

ընտրացուցակից,

անցյալ-ապագա հանցագործների,

բարեպաշտների,

քաղբանտարկյալների,

կամավորների,

կամազուրկների,

սպառողների,

հարկատուների,

թոշակառուների ցուցակից,

որովհետև վաղը կիրակի է, ու պիտի քնեմ:

 

Վերջապես

սև թուղթ ուղարկեք տնեցիներիս՝

չհիշվող երազի պես սև,

ու ինձ հարգելի բացակա դրեք,

որովհետև շաբաթ է,

կեսգիշեր,

կանգնած եմ օրվա եզրին

ու գցվում եմ ներքև:

Բարի գիշեր:

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.