Մայրաքաղաքի հրապարակում
մանկապարտեզից փախած երեխաները
ոտքերը խփում են գետնին ու կրկես պահանջում:
Ժողովուրդը բաց նամակ է հղում նախագահին,
որ կրկես կառուցվի՝
անթույն օձերով, պարող արջերով ու չկծող վագրերով:
Իհարկե, նախագահն անմիջապես դադարեցնում է
զինամթերքի գնումը
և ռազմական ողջ բյուջեն ուղղում կրկեսի կառուցմանը:
Բայց հանկարծ պատերազմը վերսկսվում է,
ու շինարարությունը՝ դադարեցվում:
ԶԼՄ-ները գրում են անկրկես քաղաքի մասին,
միջազգային կառույցներից դիտորդներ են ժամանում,
տմբտմբացնում գլուխներն ու խոստանում
զբաղվել խնդրով:
Հարևան երկրների պատվիրակները գալիս,
իսկ ավելի հեռուներից զանգում են, զորակցում
և ուղարկում օձեր, արջեր ու վագրեր,
որ տխուր թափառում են քաղաքում
և մեջքները տալիս արևին՝
սպասելով մեջ ընկած պատերազմի ավարտին:
Եվ այսպես ամեն նոր սերունդ
զինադադարի խաղաղ ժամերին
օձերի, արջերի, վագրերի հետ միաձայն
հանուն կրկես ունենալու իրավունքի
դմբդմբացնելով խլացնում է լռությունն արկերի: