Լեռներով շրջապատված ճահճոտ լճում
ապրում ենք ես ու երկու-երեք միլիոն ծանոթ ձուկ:
Ծովի մասին լսած բիձեքը վաղուց մեռել են:
Ժայռերը չեն շարժվում. հարմարվել ենք:
Ու մենք ձանձրանում ենք առավոտյան,
ու մենք ձանձրանում ենք կեսօրին,
մինչև գալիս է հյուրն ու մի տափակ քար գցում ջուրը:
Մենք՝ հուզմունքից շնչակտուր, թպրտում ենք,
ցատկոտում վեր-վար, բերանքսիվայր
լողում՝ շուրջպար բռնած, ոլոր-բոլոր-մոլոր,
պարուրաձև, գլանաձև, ձվաձև:
Ու մենք ձանձրանում ենք երեկոյան,
ու ձանձրանում ենք գիշերը...
Բացվում է օրը, ու սպասում ենք հյուրին: