Թե երկիրդ քարքարոտ է ու չորային,
բանաստեղծություն գրիր, որ ապրելը փափուկ լինի:
Մեր նախագահը, որ բանասեր է, կարծեմ,
պայմանագրերի հետևում ոտանավոր է գրում
մենության, տխրության,
իսկ հուսահատ պահերին՝ հրաժարականի մասին…
Եվ ընդդիմությունը հայհոյում է հանգավոր,
ու մենք գոռգոռում ենք ռիթմով:
Պաշտպանության նախարարը տաղեր է ձոնում
պատերազմին,
որ անհաջող հարևանի սիրտը փափկի,
որ ռումբն անաղմուկ ընկնի:
Կենտրոնական բանկի նախագահը վերլիբր է կարդում
ճգնաժամի մասին,
և լրագրողը ոտքի վրա գրում է քառյակներ
վերջին վթարների ու հատկապես ինքնասպանների մասին,
որ բանաստեղծություն են թողնում գրպանում:
Պատերի տակ բոմժերը
աքրոստիքոս են նվիրում ցրտին ու սովին:
Երբ կյանքը շատ է ծանրանում,
տ
ո
ղ
ա
տ
ի
ր,
որ հեշտ ապրվի:
Ու, մանավանդ,
թե չգիտես ոնց խոսել ցեղասպանության,
հայրենիքի ու թշնամու մասին,
անպայման բանաստեղծություն գրիր,
որ պատմության դասագիրքը հեշտ մարսվի:
Երևի կարիք չկա ասելու՝
թե երկիրդ քարքարոտ է ու կավահող,
մեռելներիդ բանաստեղծությամբ ճամփիր, որ
հողը թեթև լինի: